Նորություններ

Հայաստանյան TK Equity Partners իրավաբանական խորհրդատվական ընկերության կառավարող գործընկեր Ալեքսանդր Խաչատուրյանի հարցազրույցը:

 

- Վերջերս ՀՀ բանկերի աշխատակիցների համար կազմակերպած սեմինարի ընթացքում ներկայացվեցին «Օտարերկրյա Հաշիվների Հարկային Համապատասխանության Ակտ»-ին (Foreign Account Tax Compliance Act/FATCA) համապատասխանելու հետ կապված լուծումները: Խնդրում եմ մանրամասնեք՝ ի՞նչ պահանջներ է ենթադրում FATCA-ն եւ որքանո՞վ է այդ պահանջների կատարումը բխում ՀՀ ֆինանսական շուկայի շահերից:

- Օտարերկրյա Հաշիվների Հարկային Համապատասխանության Ակտը (FATCA) նախատեսում է «ԱՄՆ անձանց» (US persons)՝ արտասահմանում գտնվող հաշիվների բացահայտման նպատակով ԱՄՆ հարկային մարմնի եւ օտարերկրյա ֆինանսական հաստատությունների համագործակցությունը: Ընդհանուր առմամբ, այս համագործակցության շրջանակներում օտարերկրյա, այդ թվում ՝ ՀՀ ֆինանսական հաստատություններից ակնկալվում է ԱՄՆ հաշիվների վերաբերյալ տարեկան հաշվետվությունների ներկայացում եւ անհրաժեշտության դեպքում պահումների իրականացում: ԱՄՆ հաշիվների վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման նպատակով ՀՀ ֆինանսական հաստատությունները պետք է ներդնեն հաճախորդների իդենտիֆիկացիայի եւ պատշաճ ուսումնասիրության լրացուցիչ մեխանիզմներ: 

Ըստ էության, FATCA-ի պահանջների կատարումը հայաստանյան ֆինանսական հաստատությունների համար կենսական նշանակություն ունի, քանի որ միայն այդ դեպքում ՀՀ ֆինանսական հաստատությունները կպահպանեն ԱՄՆ բանկային համակարգի հետ ֆինանսական հարաբերությունները՝ հնարավորություն ստանալով իրականացնելու դոլարային արժույթով գործարքներ եւ մուտք ունենալու դեպի ԱՄՆ կապիտալի շուկա: FATCA-ի պահանջների կատարումը հնարավորություն կտա նաեւ խուսափելու ակտով նախատեսված 30% պահումներից: 

- Իսկ ինչպե՞ս է կառուցվել ՀՀ ֆինանսական հաստատությունների եւ ԱՄՆ հարկային մարմնի համագործակցությունը նախկինում:

- Մինչեւ FATCA-ի ներդրումը ՀՀ ֆինանսական հաստատությունները ԱՄՆ հարկային մարմիններին իրենց հաճախորդների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու որեւէ պարտականություն չունեին: 

Ի դեպ, FATCA-ի ներդրումը  որոշակի գործողությունների կատարում է ենթադրում նաեւ կարգավորող եւ վերահսկող մարմինների կողմից: Մասնավորապես, ամերիկյան հարկային մարմինները առաջարկում են միջկառավարական համաձայնագրերի 2 մոդել, որոնք կսահմանեն կարգավորող եւ վերահսկող մարմինների եւ ամերիկյանն հարկային մարմինների միջեւ համագործակցության մեխանիզմները: Մոդելների տարբերությունը կայանում է ՀՀ ֆինանսական հաստատությունների համար համապատասխանության եւ ԱՄՆ հարկային մարմինների հետ առնչության մակարդակների մեջ:  

Մոդել 1 համաձայնագրի կնքման պարագայում ֆինանսական հաստատություններին հնարավորություն է ընձեռնվում ԱՄՆ հաշիվների վերաբերյալ հաշվետվություններն անմիջականորեն ներկայացնելու այդ պետության հարկային մարմիններին, որոնք էլ իրենց հերթին համագործակցում են ԱՄՆ հարկային մարմնի հետ: Մոդել 1 համագործակցության համաձայնագիր կնքած երկրներից են Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Կանադան: 

Մոդել 2 համաձայնագիրը նախատեսում է օտարերկրյա ֆինանսական հաստատությունների համագործակցությունը ԱՄՆ հարկային մարմինների հետ: Համաձայնագրի այս տեսակը մշակվել է FATCA-ի գործողության ոլորտում ԱՄՆ եւ համագործակցող պետությունների օրենսդրական հակասությունները կարգավորելու, ինչպես նաեւ ֆինանսական հաստատությունների համար մի շարք բացառություններ եւ արտոնություններ սահմանելու համար: Մոդել 2 համաձայնագիր են կնքել Շվեյցարիան, Ճապոնիան, Չիլին, Բերմունդյան Կղզիները եւ Ավստրիան: 

Մայիսի 1-ի դրությամբ 30 պետություն կնքել են միջկառավարական համաձայնագրեր եւ եւս 29 պետություն համաձայնության են եկել ԱՄՆ հարկային մարմինների հետ:

Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, նախատեսվում է ՀՀ համապատասխան մարմինների եւ ԱՄՆ հարկային մարմինների միջեւ կնքել համագործակցության համաձայնագիր (Մոդել 2), որը ներկայումս բանակցությունների փուլում է գտնվում: 

Այս մոդելի շրջանակներում ՀՀ ֆինանսական հաստատությունները, այնուամենայնիվ, պետք է ԱՄՆ հարկային մարմինների հետ կնքեն FATCA-ի համաձայնագիրը եւ հետեւեն դրա պահանջների կատարմանը, իսկ ՀՀ պետական համապատասխան մարմինները պետք է, ըստ էության, ապահովեն եւ աջակցեն ՀՀ ֆինանսական հաստատություններին FATCA-ի պահանջները կատարելու ուղղությամբ:   

- Ակտի պահանջներին համապատասխանելու համար ՀՀ ֆինանսական հաստատությունները պետք է ներդնեն հաճախորդների իդենտիֆիկացիայի եւ տեղեկությունների հաղորդման լրացուցիչ մեխանիզմ: Ի՞նչ է իրենից ներկայացնում այդ մեխանիզմը: 

- FATCA-ի պահանջները ֆինանսական հաստատությունների առջեւ նախ եւ առաջ խնդիր են դնում սահմանելու KYC ընթացակարգում (Ճանաչի՛ր քո հաճախորդին) հաճախորդի կողմից լրացուցիչ տեղեկությունների եւ փաստաթղթերի տրամադրման պահանջներ: Ֆինանսական հաստատությունները պետք է նաեւ ներդնեն FATCA-ի կարգավորումներով սահմանված ԱՄՆ նշաններին (US indicia), ինչպես նաեւ գումարային սահմանաչափերին համապատասխան իրականացվող հաճախորդի պատշաճ ուսումնասիրության, հաճախորդի իրական շահառուի բացահայտման համապատասխան ներքին ընթացակարգեր:  Հաճախորդների իդենտիֆիկացիայի եւ տեղեկությունների հաղորդման համար ֆինանսական հաստատությունները պետք է վերապատրաստեն եւ նշանակեն FATCA-ի պատասխանատու անձ (compliance officer), ով կապահովի տարեկան հաշվետվությունների պատրաստում եւ ներկայացում ԱՄՆ հարկային մարմիններին: 

Հարկ է նաեւ նկատել, որ FATCA-ի համապատասխանության ապահովումը ֆինանսական լուրջ ծախսեր է ենթադրում ֆինանսական հաստատությունների համար: Ներկա պահին դժվարանում ենք գնահատել, թե որքան կարժենա այս համապատասխանությունը. ենթադրում ենք, որ դա պայմանավորված կլինի ֆինանսական հաստատության մեծությամբ, հաճախորդների քանակով, արդյունավետ վարչարարությամբ եւ մի շարք այլ գործոններով: 

- Հայտնի է, որ մինչեւ ս.թ. մայիսի 5-ը ՀՀ ֆինանսական կազմակերպությունները, այդ թվում՝ բանկերը, պետք է գրանցվեին որպես FATCA-ի պահանջներին համապատասխանող: Արդյո՞ք ՀՀ բոլոր ֆինանսական կառույցները հասցրել են գրանցվել որպես այդպիսին: 

- Ըստ սեմինարի մասնակից բանկային աշխատակիցներից ստացած տեղեկությունների՝ ՀՀ գրեթե բոլոր բանկերը գրանցվել են ԱՄՆ հարկային մարմնի պորտալում եւ ստացել գլոբալ միջանկյալ նույնականացման համար: Ցավոք, մենք չենք տիրապետում տեղեկությունների այն բանկերի վերաբերյալ, որոնց աշխատակիցները սեմինարին չէին մասնակցում: Նմանապես տեղյակ չենք՝ արդյոք բանկերից բացի FATCA-ի կարգավորմանն ենթարկվող այլ ֆինանսական  հաստատությունները (ներդրումային ընկերությունները, որոշ ներդրումային ֆոնդերի կառավարիչները) ապահովել են իրենց գրանցումը մինչեւ սահմանված վերջնաժամկետը: 

Պետք է տեղեկացնենք նաեւ, որ, ըստ էության, ՀՀ ֆինանսական հաստատությունները հնարավորություն ունեն գրանցվել առանց նրանց նկատմամբ որեւէ բացասական հետեւանքների մինչեւ 2014 թվականի հունիսի 1-ը: 

Հույս ունենք, որ մինչեւ հունիսի 1-ը (երբ ԱՄՆ հարկային մարմինների կողմից կհրապարակվի չհամապատասխանող օտարերկրյա ֆինանսական հաստատությունների ցանկը) ՀՀ բոլոր ֆինանսական հաստատությունները կգրանցվեն ԱՄՆ հարկային մարմնի պորտալում:

- Ի՞նչ կլինի այն ֆինանսական հաստատությունների հետ, որոնք չեն միացել FATCA-ին: Որքա՞ն են կազմում Ակտով նախատեսված պահումները, եւ արդյո՞ք դրանք հավասարաչափ են ֆինանսական շուկայի բոլոր մասնակիցների համար:  

- ԱՄՆ հարկային մարմնի հրապարակած FATCA-ի կանոնակարգերի համաձայն, այն ֆինանսական հաստատությունները, որոնք սահմանված ժամկետներում չեն գրանցվել ԱՄՆ հարկային մարմնի միասնական պորտալում որպես FATCA-ի պահանջներին համապատասխանող ֆինանսական հաստատություններ եւ չեն ստացել գլոբալ միջանկյալ նույնականացման համար (GIIN), կհամարվեն չհամագործակցող ֆինանսական հաստատություններ: Չհամագործակցող ֆինանսական հաստատությունների կողմից կատարվող փոխանցումների նկատմամբ կկիրառվեն ակտով նախատեսված 30% պահումները: Այդպիսի ֆինանսական հաստատությունները կզրկվեն ԱՄՆ կապիտալի շուկա մուտք գործելու եւ դոլարային արժույթով գործարքներ կատարելու հնարավորությունից: 

- Բանկային ոլորտի ո՞ր մասնակիցների համար էր նախատեսված սեմինարը, եւ ի՞նչ արդյունքնե՞ր են ակնկալվում մասնակիցներից:

-Սեմինարը նախատեսված էր ՀՀ առեւտրային բանկերի իրավական, ներքին դիտարկումների, փողերի լվացման եւ ահաբեկչության դեմ պայքարի, ռիսկերի կառավարման, հաճախորդների սպասարկման, թղթակցային հարաբերությունների եւ ակրեդիտիվների, դիլինգի եւ այլ բաժինների, վճարային համակարգերի խմբերի, քոմփլայենս-հսկողության սեկտորի աշխատակիցների, ինչպես նաեւ տնօրենների եւ նրանց տեղակալների համար: Սեմինարին մասնակցել են բանկային ոլորտի 27 աշխատակիցներ:

Այս փուլում բանկային ոլորտի՝ սեմինարին մասնակցած աշխատակիցներից ակնկալվում է բանկի ներքին իրավական ակտերի լրամշակում եւ համապատասխանեցում FATCA-ի պահանջներին, հաշվի բացման համար անհրաժեշտ փաստաթղթերում (KYC forms) փոփոխությունների իրականացում, FATCA-ի շրջանակներում հաճախորդների պատշաճ ուսումնասիրության եւ նույնականացման կանոնակարգերի, բանկային գաղտնիքի իրավունքից հրաժարման վերաբերյալ ձեւաթղթերի մշակում եւ բանկի այլ ներքին ընթացակարգերի FATCA-ի համապատասխանեցում: Որոշ բանկերը, հավանաբար, ստիպված կլինեն նաեւ լրամշակել իրենց տեղեկատվական համակարգերը FATCA-ի պահանջներին համապատասխանեցնելու համար: 

 

 

Նյութի սկզբնաղբյուրը

 

 

Արտարժույթի Փոխարժեք

ՀՀ ԿԲ փոխարժեք՝ 21.01.2018

21.01.2018
USD481.90.73
GBP670.62.46
EUR591.92.34
RUB8.5200.01

Օրացույց

Ապրիլ
ԵկԵքՉքՀգՈւՇաԿի
123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Ընկերությունը պատասխանատվություն չի կրում հղում կատարված ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այտեղ տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների մասին: